ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. NON, MADAME, C՚EST LA REVOLUTION

Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ. NON, MADAME, C՚EST LA REVOLUTION
24.02.2013 | 15:09

1789 թվականի օգոստոսին, արքայական պալատի պատուհանից տեսնելով զայրացած ամբոխը, Ֆրանսիայի թագուհի Մարիա-Անտուանեթը հարցրեց խորհրդականներին. "Սա ի՞նչ խռովություն է": Պատասխանը մտել է պատմության մեջ. "Ձերդ արքայական Մեծություն, սա հեղափոխություն է":
Ինչպե՞ս անվանել այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում. արդյոք սա հեղափոխությո՞ւն է: Կարծում եմ, դեռևս ոչ, բայց աներկբա է, որ սա արդեն համաժողովրդական ապստամբություն է: Ի՞նչն է տարբերությունը: Երկրում վաղուց առկա է դասական հեղափոխական իրավիճակը, երբ, այսպես կոչված, "վերևները" չեն կարողանում արդյունավետ կառավարել, իսկ "ներքևները" չեն ցանկանում հաշտվել ստեղծված իրավիճակի հետ: Ապացույցը` եղեռնային արտագաղթն է, համատարած աղքատությունն ու աննախադեպ անօրինականությունը: Անխուսափելի օրինաչափությամբ ժողովրդական ապստամբությունները անկախ Հայաստանում միշտ սկսվում են նախագահական կեղծված ընտրություններից հետո: Այսպես եղավ 1996-ին, 2008-ին, նույն հունով է զարգանում 2013-ի "չընտրությունների" վերջնախաղը:
Հայաստանը զավթած ու կեղեքող խունտան հերթական անգամ ապացուցեց, որ բռնապետության օրոք ժողովրդավարական գործիքները` զորօրինակ ընտրությունները, չեն աշխատում, այլ օգտագործվում են բռնապետությունն ամրապնդելու համար: Ընտրությունները կեղծող խունտան ընտրություններով չի հեռանում: Դրա համար նա ստանում է Արևմուտքի, Հյուսիսի եւ Արևելքի գաղութատիրությունների աջակցությունն ու օրհնությունը: Մյուս կողմից, Հայաստանի քաղաքացիները հերթական անգամ ապացուցեցին, որ մենք հպարտ ու անկոտրում ազգ ենք, որը չի հանդուրժում ստրկություն: Ընթացքում պայթեցին ռեժիմի "հզորության" մասին ու "հինգ հազար դրամով ծախվող ոչխար ժողովրդի" փուչիկները: Արդյունքում՝ տարիներ շարունակ հասունացող հեղափոխական իրավիճակը սկսեց ժայթքել` առայժմ ապստամբության տեսքով: Ապստամբության ու հեղափոխության տարբերությունը վիթխարի է և ճակատագրական` առաջին դեպքում ամեն ինչ սահմանափակվում է իշխանափոխությամբ, երբ ասպարեզ են գալիս կամ վերադառնում նույն համակարգի մեջ տապակված ու թրծված գործիչները, և, ըստ էության, անուններից բացի ո՛չ արժեքներն են փոխվում, ո՛չ սկզբունքները, ո՛չ տնտեսական ու սոցիալ-քաղաքական համակարգը: Դա այն է, ինչ պատրաստվում էր 2008-2011 թվականներին, երբ սարը մուկ ծնեց, երբ մարդկանց ծովը դարձրին ցամաքող ճահիճ, իսկ ազգային երկունքը վիժեց դավաճանության ու մանր ժուլիկության տեսքով:
Հեղափոխությունն ուղղված է նախ և առաջ համակարգի փոփոխությանը` սկսած բարոյական արժեքներից մինչև տնտեսական քաղաքականություն, սոցիալական արդարությունից մինչև կենցաղային մշակույթ: Առանց 1988-ի համազգային համերաշխության փորձի չէր գա 2008-ի ազատատենչ պոռթկումը, ինչպես և, առանց 2008-ի ու հետագա տարիների դառը փորձից դասեր քաղելու, անհաջողության է մատնվելու 2013-ի ապստամբությունը: Րաֆֆի Հովհաննիսյանի կեցվածքը հույս է ներշնչում՝ համակարգային փոփոխությունների ճանապարհով գնալու նրա պատրաստակամության մասին, սակայն այդ ճանապարհով գնալուն պետք է պատրաստ լինի մեր ողջ հասարակությունը, մեզնից յուրաքանչյուրը, մերժելով մեզանում սովորական դարձած մանր ու խոշոր "փոխզիջումները" խղճի ու օրենքի հետ: Կասեմ, գուցե անհեթեթ թվացող, մի բան` իրական ազգային հեղափոխության արտաքին ամենահստակ դրսևորումն է լինելու Հայաստանում ամենուրեք թափվող աղբի կտրուկ նվազումն ու անհայտացումը: Դա կնշանակի, որ մենք կրկին ազգ ու քաղաքացի ենք դառնում` սեփական տան ու երկրի տերը:
Մենք ընտանիք-ազգ ենք, ի տարբերություն արևմտյան ազգ-պետությունների կամ արևելյան ազգ-համայնքների: “Հայրիկ, քույրիկ, մայրիկ, եղբայր” `միմյանց այսպես դիմելու մեր ազգային ձևը վկայում է, որ սա դեռևս չի վերացել մեզանում, և միգուցե սա է պատճառը, որ մենք չենք վերացել իբրև ազգ: Ահա ինչու էր այդպիսի խանդով ու դառնությամբ լցվում հայ ժողովրդի սիրտը Տեր-Պետրոսյանի մեծամիտ ուրանալու պատճառով, ահա ինչու օտարի լծից էլ ծանր էր տանում ժողովուրդը Քոչարյան-Սարգսյան զույգի իշխանությունը, որը բռնաբարեց ու նվաստացրեց մեր երիտասարդ պետությունը:
Րաֆֆի Հովհաննիսյանի մեջ այսօր ազգը փնտրում է այս խորագույն ակունքներին ու արժեհամակարգին վերադառնալու հնարավորությունը: Կասկածից վեր է, որ միայնակ Րաֆֆին դա անել չի կարողանալու: Եթե ժողովուրդն ընտրել է Րաֆֆուն, ապա հիմա Րաֆֆին պարտավոր է ընտրել ժողովրդին: Ոչ թե նախկին ու ներկա կուսակցական-քաղաքական երեսխոխանները, ոչ թե օտարերկրյա խորհրդականները, այլ ազգի հավաքական ուժը, քաղաքացիական հասարակությունը, որը, կուսակցությունների զրնգուն բացակայության պարագայում, իր վրա է վերցրել բռնապետության դեմ պայքարի բեռը: Միայն այսպիսի նոր քաղաքական սերունդը կարող է ապահովել մեր ընդհանուր նպատակը, որի մասին այս օրերին հաճախ խոսում է Րաֆֆին:
Ոչ թե կեղծ ու դաժան “մրցակցության” և “գայլ--ոչխար” սկզբունքների վրա, այլ ընտանեկան ու ազգային համերաշխության հիմքերով պետք է վերակազմավորվի մեր տնտեսությունը: Ոչ թե միջազգային բանկային-ֆինանսական մեքենայությունների, այլ սեփական գիտահեն ու արդիական արտադրության վրա պետք է հենվի մեր արդյունաբերությունը: Ոչ թե հումքային ու սպասարկող ծառայություններին, այլ բնապահպանական, կանաչ տեխնոլոգիաների զարգացմանը պետք է միտված լինի մեր անկախությունը: Դրա համար անհրաժեշտ է մասնավոր մենաշնոորհների ոչնչացում և բնական մենաշնորհների վերադարձ պետությանը: Դրա համար լուրջ գույքագրում և տնտեսական “լյուստրացիա” կպահանջվի հազարավոր սեփականաշնորհված ու կողոպտված գործարաններում: Դրա համար օտարերկրյա հզոր գիշատիչների հետ մի շարք ծանր ու տհաճ, բայց անխուսափելի բանակցություններ են պետք: Կարողանալո՞ւ է անել դա Րաֆֆին: Միայն ժողովրդի քվեն է տալիս ուժն ու հնարավորությունը նման սխրանքների համար: Այսօրվա մեր աջակցությունն անհրաժեշտ, բայց ո՛չ բավարար պայման է նրան սատարելու համար: Իմանալով ու սիրելով Րաֆֆուն երկու տասնամյակ շարունակ, պետք է խոստովանեմ, որ կադրային քաղաքականությունը, որոշ բացառություններով, երբեք նրա ուժեղ կողմը չի հանդիսացել: Րաֆֆուն այսօր, մեր հրապարակային աջակցության հետ մեկտեղ, նույնքան, եթե ոչ ավելի անհրաժեշտ է հայության մասնագիտական շտեմարանի նեցուկը: Զավթիչ ու կեղեքող համակարգից դուրս մնացած հազարավոր փայլուն մասնագետներ, հատկապես երիտասարդներ, մասնավորապես վերջին քսան տարվա մեջ արտերկրում հայտնված ու այնտեղ փայլուն ուսում ստացած կառավարիչների, իրավաբանների, գիտնականների, մանկավարժների, անտառապահների, արվեստագետների նոր սերունդն է թակում նոր Հայաստանի դռները: Մենք վերից վար ստիպված ենք փոխելու դատական, օրենսդրական, գործադիր իշխանությունները, հարկային ու մաքսային ծառայությունների ոչ միայն կազմը, այլև ողջ ուղղվածությունը: Եթե մենք կարողանանք բացել այդ դռները` մենք կունենանք 4 –րդ հանրապետություն: Եթե Րաֆֆին դիմի այս ահռելի ներուժին, ապստամբությունը կվերածվի իրական հեղափոխության:

Դիտվել է՝ 14071

Մեկնաբանություններ